Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 20 » Նադեժդա Սարգսյանը միջազգային մրցույթի «պարագլուխ»:)
18:43 Նադեժդա Սարգսյանը միջազգային մրցույթի «պարագլուխ»:) |
1990-ականներից հայտնի «Դո, ռե, մի»-ի տրամաբանական շարունակությունը սարերի հետևում չէ. Նադեժդա Սարգսյանը մրցույթ-փառատոն կազմակերպելու նոր մտահղացում ունի` միջազգային ֆորմատով: Այն կոչվելու է «Երևանն է կանչում», որի շրջանակներում Երևանն իր մոտ է կանչելու երիտասարդ կատարողների` աշխարհի 18 երկրներից:
«1990-ականների վերջին, երբ դադարեցրինք «Դո, ռե, մի»-ն, մտածում էինք կազմակերպել միջազգային մրցույթ, որին կմասնակցեն իրենց երկրում հաջողությունների, ճանաչման հասած երգիչ-երգչուհիները: Այդ մտահղացումը երկար տարիներ խմորվելուց, մշակվելուց հետո այսօր արդեն իրականություն է», ասաց մրցույթի հեղինակ-հիմնադիր Նադեժդա Սարգսյանը: Այն մեկնարկելու է Էրեբունի-Երևան տոնակատարությանը զուգահեռ: Ծրագրին հավանություն են տվել ինչպես Հայաստանի մշակույթի նախարարությունն, այնպես էլ քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
«Սա առաջին հայկական մրցույթն է, որը միջազգային ֆորմատի է: Նպատակ ունենք Հայաստանը դարձնել մի երկիր, որտեղ միջազգային մասշտաբով մրցույթ-փառատոններ կկազմակերպվեն: Մեր երգիչ-երգչուհիները միշտ ձգտում են գնալ արտերկիր`միջազգային մրցույթների մասնակցելու համար, սակայն այսուհետ հակառակ միտումն էլ կնկատվի: Քաղաքապետին մեր մտահղացումը շատ դուր եկավ, և նա հավանության արժանացրեց այն: Շատ լավ է, որ մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչելու մեր մշակույթը, երկիրը, սովորույթները»,- նշեց Նադեժդա Սարգսյանը:
Հոկտեմբերի 6-ին Երևան կժամանեն հյուրեր Իսպանիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Մալթայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Սերբիայից, Իսրայելից, Ղազախստանից, Մերձբալթյան երկրներից: 4 համերգային օրվանից զատ նախատեսվում են ճանաչողական բնույթի էքսկուրսիաներ և հանդիպումներ: Յուրաքանչյուր երկիր ներկայացնելու է 16-30 տարեկան մեկ մասնակից, բացառությամբ կազմակերպող երկրի` Հայաստանի, որն իրավունք ունի ներկայացնելու երկու մասնակցի: Ներկայացված մասնակիցներն իրենց երկրում ճանաչված ու կայացած երգիչներ են` «Եվրատեսիլի» մասնակիցներ, «The Voice»-ի հաղթողներ և այլն: Մեր երկիրը ներկայացնելու են Երգի պետական թատրոնից Գրիգոր Կյոկչյանը և միջազգային մի քանի մրցույթների դափնեկիր Մերի Մնջոյանը: «Ցանկանում ենք ճանապարհ հարթել նոր արտիստների համար, ովքեր կայացման ճանապարհին են»,- ավելացրեց երգչուհին:
Մրցութային առաջին օրը մասնակիցները ներկայացնելու են իրենց երկրի հիթը, երկրորդ օրը` միջազգային հիթ, երրորդ օրը` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` հայերենով: Մրցանակաբաշխությունը կկայանա 4-րդ օրը: Ժյուրիի կազմում ընդգրկվել են մասնակից երկրների ներկյացուցիչները, ժյուրիի նախագահը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը: Սահմանված է 4 մրցանակային տեղ: «Նման մրցույթի վարկանիշը պահպանելու համար, կարծում ենք 4 մրցանակային տեղը բավական է: Գրան պրիի համար սահմանված է 10.000, 1-ին տեղի համար` 5000, 2-րդ տեղի համար` 3000, 3-րդ տեղի համար` 2000 ԱՄՆ դոլար: Քվեարկությունը լինելու է բացառապես պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, բաց` բոլորի «աչքի առջև»: Եթե որևէ մեկը անարդար գնահատի, կարծում եմ` դա կազդի իր հեղինակության վրա: SMS քվեարկություն չի լինելու: Շատ ուրախ ենք, որ մեր մասնակիցներից Իսրայելի ներկայացուցիչը նշում է, որ ուրախությամբ գալու են արդար մրցույթի մասնակցելու»,- ասաց երգչուհին: Մրցույթի կազմակերպիչներին ուրախացնում է հատկապես այն, որ արտասահմանցի կատարողները հայկական երգեր են ներկայացնելու: Նադեժդա Սարգսյանը նշեց, որ Առնո Բաբաջանյանի «Կամուրջներ», Արամ Ավագյանի «Հայաստան աշխարհ», Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգերի համար բավականին բուռն պայքար է ընթանում: Մրցույթի կազմակերպիչների սահմանած կարգով տվյալ երգը կերգի առաջին հայտ ներկայացնող մասնակիցը:
«Լավ է, որ նման խանդավառություն կա: Մրցույթի ամենափոքրիկ մասնակիցը` Մալթայի 16-ամյա ներկայացուցիչ Նիկոլ Ազզոպարդին բավականին լուրջ է պատրաստվում մրցույթին. երգի գործիքավորումից մինչև բառերի ճիշտ արտասանություն: Մասնակիցներն անգամ հայերեն են սովորում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մոտ»,- նշեց միջազգային մրցույթների «թոհ ու բոհի» միջով անցած երգչուհին, ում համոզմամբ այս մրցույթը հեռանկարային է ու շարունակական բնույթ կունենա: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 275 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|