Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 27 » ՆԱԶԵՆԻ Հովհաննիսյան. «Պետք է մեծարես ամուսնուդ»
16:57 ՆԱԶԵՆԻ Հովհաննիսյան. «Պետք է մեծարես ամուսնուդ» |
Դերասանուհի, հեռուստադեմք Նազենի Հովհաննիսյանն իր աստեղային ժամի կիզակետում է: Որքան էլ տպագիր մամուլը դերասանուհուն «մեղադրի» հեռուստաեթերում շատ երևալու մեջ (և ոչ միայն), այնքան դերասանուհի հաղորդավարուհին շահեկան դիքերում է իրեն համակրողների, նույնիսկ` չհամակրողների աչքին: Իգական սեռի շատ ներկայացուցիչներից ոմանք գուցե անթաքույց նախանձով են վերաբերվում Նազենիին, ոմանց համար նա օրինակելի է ծառայում` մշտապես խնամված իր կերպարով, իսկ տղամարդկանցից շատերին հետաքրքրողը մեկն է` ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գրավի նրա ուշադրությունը:
- Տարին քեզ և քո ընտանիքի համար կորստով սկսվեց, սակայն գարուն է, կյանքի նոր սկիզբ, ի՞նչ է փոխվել քո մեջ, վերանայելո՞ւ ես ինչ-որ բաներ:
- Մի ժամանակահատված իմ մեջ ուզում էր չարություն արթնանալ աշխարհի նկատմամբ` չնայած իմ բնույթով չար չեմ: Ես երբեք ոչ մեկի վատը չեմ ցանկանում (հավանաբար մայրիկիս եմ քաշել, նա էլ էր այդպիսին), բայց հետո հասկացա, վերլուծեցի իմ մեջ, որ այժմ լիներ` վաթսունմեկ տարեկանում, թե ութսունում, միևնույն է, նույն սրությամբ էի այդ կորուստը տանելու: Ու այդ չարությունը իսպառ արմատախիլ արեցի, քանի որ աշխարհը մեղավոր չէ, որ կյանքն է այդպիսին: Իսկ մինչև մայրիկի դեպքը ես անընդհատ հայտարարում էի, որ որոշել եմ այս տարի լինել ուրախ և երջանիկ: Որոշումս այդքան էլ լավ չստացվեց, բայց հուսով եմ` մայրիկիս կորուստը ոչ թե թևաթափ կանի (ֆեյսբուքյան պատիս էլ գրել էի, որ քանի մայրս կար, ուզում էի աշխարհը շուռ տալ նրա համար, իսկ հիմա մայրս չկա, ու աշխարհը փուլ եկավ իմ գլխին), այլ կօգնի կիսատ թողածներս անելու, որոնց համար նա շատ կուրախանար… Որոշել եմ այս տարի, տա Աստված, գտնել կյանքիս ուղեկցին, և եթե աղջիկ ունենամ, անունը դնելու եմ Էմմա` ի պատիվ մայրիկիս:
- Նշեցիր, որ որոշել ես այս տարի անձնական կյանքդ դասավորել` չնայած կողքիդ հստակ թեկնածու չկա:
-Չկա, ու «որոշել» բառն էլ մի փոքր մեծամիտ է հնչում, քանի որ դա մի բան է, որն ի վերուստ է սահմանվում, ու հանգամանքներն էլ դրան նպատում կամ խոչընդոտում են: Սակայն մայրիկիս կորուստն ինձ համար ահազանգի պես է: Երևի իր սրտում մնացած կիսատ բաներից մեկն է, որի համար կնեղվեր: Թեև ինքս շատ ինքնաբավ եմ, և որևէ խնդիր չկա, որ անպայման հենց այս պահին պետք է սիրած տղա կամ երեխա ունենամ, բայց պահ է գալիս, որ ամբողջ աշխատանքդ, կարիերադ, արարելու ցանկությունդ ինչ-որ տեղ պետք է ամփոփվի քո ընտանիքում: Իմ հայրական ընտանիքում շատ երջանիկ եմ, բայց դա արդեն քիչ է, քանի որ իմ անձնական ընտանիքից պետք է էներգիա տամ իմ մեծ ընտանիքին. թոռան երջանկությունն այլ է ծնողի համար, իսկ ես շատ կուզենամ, որ գոնե հայրս վայելի իմ այդ ուրախությունը:
Կար ժամանակ` վախենում էի դրանից, քանի որ պատասխանատվություն է ընտանիք կազմելը: Պետք է կարողանաս այնքան հասուն լինել, որ մեծարես ամուսնուդ, քեզանով բարձրացնես ընտանիքդ, իսկ փոքր տարիքում այդ կարողությունը չունես: Չգիտեմ, հիմա որքանով եմ կարող այդ ամենն անել, բայց մի բան փաստ է. պատրաստ եմ ինքնանվիրման այն տոկոսին, որ անհրաժեշտ է ընտանիքիս:
- Այսօր, թեկուզ բնազդային մակարդակում, զգո՞ւմ ես, որ պատրաստ ես մայրանալու:
- Ես դա վաղուց եմ զգում, բայց մի բան է պարզապես մայրանալը, մի այլ բան է սրտին մոտ կողակցից մայրանալու ցանկությունն իրականացնելը: Ես չէի ուզի հասնել նրան, որ խիզախեմ միայնակ երեխա դաստիարակել: Երեխան պետք է ունենա ծնողներ` և հայր, և մայր:
Ուզում եմ, որ կողակիցս լինի ինձանից հարյուր հազար անգամ խելացի, որ կարողանամ իրենով հպարտանալ, որ իրեն ոչ թե զրոյական տեղից բարձրացնեմ, այլ բարձրացնեմ արդեն բարձրությունից:
- Կանանց միամսյակն է, ու առաջին անգամ է, որ առանց մայրիկիդ ես դիմավորելու, երբ գրեթե ողջ աշխարհն է տոնում. ինչպե՞ս ես նշելու կանանց միամսյակը:
- Անշուշտ, մայրիկիս ֆիզիկական չգոյությունը շատ է խոցում, կարոտն է սպանում: Ամեն անգամ, ինչ առիթ էլ լինի (բարեգործական համերգ, թե մարտի 8-ին նվիրված), հաճույքով վարելու եմ ու իմ ուրախությունն ու հարգանքն եմ «կիսելու» իմ սերն եմ արտահայտելու բոլոր մայրերի նկատմամբ, որ այդպիսով ստանամ ինձ պակասող մայրական սերը իմ շատ սիրելի դասախոս Աննա Հեքեքյանի, որ մոր պես է ինձ համար, իմ ավագ գործընկերների, իմ ընկերների մայրերի: Կփորձեմ մորս ֆիզիկական գոյության պակասը լրացնել ուրիշ մայրերի նկատմամբ իմ ուշադրությամբ: Մայրը բնության հրաշալիքն է, ու եթե մարդիկ մի քիչ ավելի խելացի լինեին, հենց մայրիկներին կհամարեին աշխարհի յոթ հրաշալիքներից առաջինն ու գլխավորը. դրա համար ես անպայման կնշեմ այդ հրաշալի տոնը իմ բոլոր ծանոթ մայրերի հետ. երևի դրանով մի քիչ կսփոփվեմ…
- Մասնակցո՞ւմ ես տոնական պատրաստություններին և իրարանցմանը:
- Իհարկե մասնակցում եմ, բայց ինձ համար կա մի «բզիկ», դա առաջին հերթին տան մաքրությունն է:
- Ինքդ զբաղվո՞ւմ ես տան մաքրությամբ և ի՞նչն է քեզ մոտ առավել լավ ստացվում:
- Հատկապես դարակներ դասավորելը, թեպետ ամեն ինչ էլ անում եմ: Սիրում եմ, որ մակերևույթները լինեն փայլուն, դարակները` դասավորված: Շատ եմ սիրում, որ սեղանը լինի գեղեցիկ. գեղեցիկ սփռոց, անձեռոցիկներ, որ մաքրության հոտ գա:
- Նյութական նվերնե՞ր ես սիում ստանալ, թե՞ հոգևոր:
- Միանշանակ` հոգևոր, ուշ թե շուտ նյութականին կարելի է հասնել: Տարօրինակ է ասելը, թե ամեն ինչ ունեմ, բայց իսկապես ունեմ այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է կենցաղս, կյանքս և ծնողներիս բարեկեցությունն ապահովելու համար: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 374 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|