Էժան գին չկա, կա ցածր գին կամ բարձր գին։
Չկա նաեւ՝ թանկ գին։ Ոչ թե՝ Նա թանկ գին վճարեց դրա համար, այլ պարզապես՝ Նրա վրա թանկ նստեց դա։
Ապրանքն ու ծառայությունը կարող են լինել էժան կամ թանկ։
Մինչեւ-ը մի շփոթեք մինչ-ի հետ։
Զանգահարեք մինչեւ ժամը 4-ը նախադասությունը ճիշտ է, մինչդեռ Զանգահարեք մինչ ժամը 4-ը նախադասությունը սխալ է։
Մինչ = Քանի դեռ, Այն ժամանակ, երբ
Մինչ դու քնած էիր, ես սափրվեցի։
Մինչեւ = until
Մինչ = while
ՀՀ բոլոր տգետ ռադիոդիջեյներն ասում են` մինչ վաղը:
Իբրեւ-ը մի շփոթեք իբր-ի հետ։
Իբրեւ = որպես, իբր = մթոմ
Այնուհետեւ-ը մի շփոթեք Այնուհետ-ի հետ։
Այնուհետեւ նշանակում է ինչոր բանից հետո։
Այնուհետ նշանակում է այնու` նրա հետՙ։
Մի շփոթեք առաջ եւ առջեւ բառերը։
Ես սանրվում եմ հայելու առջեւ ճիշտ է։
Ես սանրվում եմ հայելու առաջ սխալ է։
Նա վազեց առաջ ճիշտ է։
Քրիստոսից 100 տարի առաջ ճիշտ է։
Խանութի առաջ, Միկրոֆոնի առաջ սխալ է։
Ըստ որում չկա, կա ըստ իս կամ ընդ որում։
Ըստ = համաձայն, ընդ = տակը, խորքում, ներքեւում
Չի կարելի սիրահարվել նրա վրա, կարելի է սիրահարվել նրան։
Չի կարելի ասել հարուր, պետք է ասել հարյուր։
Չի կարելի ասել հիցուն, պետք է ասել հիսուն։
Մի’ ասա Բանը նրանումն է, որ... հարկ է ասել Բանն այն է, որ։
Չի կարելի ասել Հաշվանդամ, պետք է ասել Հաշմանդամ։
Չի կարելի ասել Դրանով նա զգացնել տվեց, որ... պետք է ասել Դրանով նա զգալ տվեց, որ։
Բանն այն է, որ զգացնել նշանակում է զգալ տալ, հետեւաբար՝ զգացնել տալը կնշանակի զգալ տալ տալ։
Նույնը վերաբերում է նաեւ հասկացնել եւ հասկանալ տալ կառույցներին, քանի որ հասկացնել տալ ասում են միայն տգետները։
Մի՜ շփոթեք լողալ եւ լողանալ բայերը։ Սեւ ծովում, Սեւանա լճում, Հրազդան գետում լողում են կամ լող են տալիս, բայց բաղնիքում կամ լոգարանում՝ լողանում են (քիսայով, օճառով, սպունգով)։
Եթե գրել ես՝ որպեսզի, ուրեմն այդպես էլ կարդա եւ ոչ թե հնչեցրու՝ որպիսի, քանի որ որպիսի նշանակում է ինչպիսի։
Որոշումն ընդունվել է կառավարության կողմից նախադասության մեջ գործողություն կատարողը որոշումն է, որն ինքնագլուխ գնացել եւ, գուցե նույնիսկ կառավարության կամքին հակառակ, ընդունվել է հենց այդ կառավարության կողմից։ Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ կառավարությունը որոշել է կամ գոնե կառավարությունը որոշում է ընդունել: Հայոց լեզուն պահանջում է, որ ամեն ինչ հստակ լինի, որ պարզ ու հասկանալի լինի, թե ով է որոշել, ինչ է որոշել, ով է կատարել ու ինչ է կատարել՝ որ անմիջապես իմացվի, թե ում պետք է պատասխանատվության կանչել՝ հիմար որոշումներ կայացնելու կամ որոշումը հիմարի պես իրականացնելու համար։
Մի շփոթեք ուր-ը եւ որտեղ-ը։
Ուր-ը ցույց է տալիս ուղղություն, որտեղ-ը ցույց է տալիս տեղանք։
Նա գնաց Փարիզ, ուր եւ մահացավ նախադասությունը սխալ է, պետք է լինի՝ ... որտեղ էլ մահացավ։
Որտե՞ղ է գնում այս ավտոբուսը նախադասությունը սխալ է, պետք է լինի՝ Ո՞ւր է գնում այս ավտոբուսը: