Ուրբաթ, 20.06.2025, 05:36
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 13 » 5 հարց Հայաստան-Իտալիա հանդիպումից հետ
22:22
5 հարց Հայաստան-Իտալիա հանդիպումից հետ
Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի ունեցավ երկար սպասված Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մեկ անգամ ևս մանրամասն դիտելով խաղը՝ առանձնացրել եմ 5 հարցեր Հայաստան-Իտալիա հանդիպման վերաբերյալ, որոնք այս անգամ կքննարկենք Անդրանիկ Գրիգորյանի հետ:

1. Խոսենք թիմերի մեկնարկային կազմերի մասին

Ա.Գ.Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում կիրառեցին իրենց նախասիրած սխեմաները: Եթե իտալացիների ընտրած 4-3-1-2 դասավորության պայմաններում միակ նորությունն այն էր որ Պիռլոյից ձախ խաղում էր Մարկիզիոն, իսկ աջ՝ Դե ռոսսին (սովորաբար մենք հակառակ պատկերն ենք տեսնում), ապա մեր հավաքականի կազմում հարցականներն ավելի շատ էին: Նախ, Վարդան Մինասյանը պաշտպանության եզրերը վստահեց առավել փորձառու Վալերի Ալեքսանյանին և Արտակ Եդիգարյանին, իսկ 4-2-3-1 դասավորության պայմաններում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկավ Դավիթ մանոյանը: Այս կերպ Մինասյանը, օգտագործելով կենտրոնական կիսապաշտպանին ձախ թևում, փորձեց հակազդել իտալացիների չափազանց ուժեղ կենտրոնին, բայց արդունքում հաշվի առնելով, նաև այն, որ ձախ պաշտպանի դիրքում ևս հանդես էր գալիս այդ դիրքի ոչ հաստիքային ֆուտբոլիստ, մեր հավաքականի ձախ թևը գրեթե իսպառ զրկվեց սրությունից:

Հ.Կ.Համաձայն եմ, որ թիմերի ընտրած սխեմաների հարցում անակնկալներ չեղան: Պրանդելիի հրապարակած կազմից արդեն իսկ պարզ էր, որ իտալացիներն օգտագործելու են իրենց արագ եզրային պաշտպաններին, քանի որ Պրանդելին չէր կարող հաշվի առած չլիներ մեր հավաքականի ունեցած խնդիրները եզրերում: Արտակ Եդիգարյանը, որը, անկասկած, տաղանդավոր ֆուտբոլիստ է, հերթական անգամ շատ վատ հանդիպում անցկացրեց. անընդհատ սխալվում էր գրոհից դուրս գալիս, հաճախակի զիջում էր դիրքը: Հստակ զգացվում է, որ րտակի համար շատ դժվար է խաղալ ձախ եզրում: Ինչ վերաբերում է Մանոյանին, ապա վերջինս, նախորդ խաղերի համեմատ, առավել շատ էր ներգրավված խաղի մեջ, դերակատարություն ունեցավ մեր խփած գոլի մեջ, ունեցավ նաև գոլ խփելու հնարավորություն, սակայն ընդհանուր առմամբ ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում նրա ՕԳԳ-ն այնքան էլ բարձր չէր:

2.Որո՞նք էին Հայաստանի հավաքականի խաղում հիմնական թերությունները

Ա. Գ. Կարծում եմ՝ նախ և առաջ մեր թիմի մոտ չստացվեց համակարգված խաղը պաշտպանությունում: Մասնավորապես, իտալացիների խփած առաջին գոլի դրվագում մեր պաշտպանությունն ամբողջովին ձախողվեց: Նախ, մերոնք աջ եզրում չկարողացան խանգարել Մոնտոլիվոյին գրոհի շարունակության օպտիմալ տարբերակ ընտրելու հարցում, այնուհետև Կառլեն Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը չկարողացան հետևել Ջիովինկոյի հնարամիտ տեղաշարժին, իսկ Օզբիլիսն ու Ալեքսանյանն էլ թույլ տվեցին Կրիշիտոյին ճեղքել մեր պաշտպանությունն ու փոխանցում կատարել տուգանային հրապարակ ներխուժած Մոնտոլիվոյին: Ակնհայտ էր նաև, որ մեր պաշտպաններն այնքան էլ սովոր չեն բարձր գծերով պաշտպանության խաղին և այս պարագայում չեն կարողանում հետևել կենտրոնից տուգանային հրապարակ ներխուժող մրցակցի կիսապաշտպաններին: Այս երևույթը հստակ կերպով դրսևորվեց երկրորդ գոլի ժամանակ: Մեր տղաներն այս խաղում մեծ դժվարությունների էին հանդիպում նաև գրոհ սկսելիս, այն էլ այն պարագայում, որ իտալացիները աչքի չէին ընկնում ուժեղ պրեսինգով: Եղան բազմաթիվ դրվագներ, երբ մերոնք գրոհի մեկնարկային փուլում մի շարք ավելորդ փոխանցումներ կատարելուց հետո կորցնում էին գնդակը: Սրա հիմնական պատճառը, անշուշտ, կառուցողական կենտրոնական կիսապաշտպանի բացակայությունն է մեր թիմում:

Հ.Կ. Իսկապես, եթե նախորդ մրցակիների հետ խաղերում պաշտպանությունը համեմատաբար վատ հադես չեկավ, ապա Իտալիայի կարգի հավաքականի հետ խաղում հստակ երևացին այն թերությունները, որոնք առկա են մեր պաշտպանությունում: Բացի քո կողմից նշված թերություններից, ես կնշեի նաև պաշտպանության տարրերայնությունը: Այնպիսի դրվագներում, երբ պետք էր պարզապես հեռացնել գնդակը, մեր պաշտպանները փորձում էին ծածկել այն մարմնով, ինչպես օրինակ Արտակ Եդիգարյանն առաջին խաղակեսում, կամ ամեն գնով փոխանցումով դուրս գալ պաշտպանությունից, ինչը մեծամասամբ հանգեցնում էր գնդակի անտեղի կորստի: Կառուցողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի բացակայության պարագայում մեր թիմը շատ հաճախ փորձում էր գրոհները կազմակերպել եզրերով, սակայն թե Ալեքսանյանը, թե Արտակ Եդիգարյանը այնքան էլ մեծ հաջողությամբ չէին կարողանում աջակցել գրոհներին: Իրենց հերթին, Օզբիլիսն ու Մանոյանը շատ հաճախ ուշանում էին մրցակցի հակագրոհների ժամանակ, ինչը բազմաթիվ բաց տարածություններ էր տրամադրում իտալացիներին: Եվ վերջապես, ստանդարտները. հավաքականն այդպես էլ չսովորեց հմտորեն օգտագործել սեփական ստանդարտները և նորմալ կերպով պաշտպանվել մրցակցի ստանդարտների ժամանակ: Միակ վտանգավոր հարվածը ստանդարտից Օզբիլիսի փորձն էր առաջին խաղակեսում, իսկ անկյունայինները, ինչպես միշտ, իրենց մեջ ոչ մի վտանգ չէին պարունակում: Փոխարենը, իտալացիները հմտորեն օգտագործեցին ստանդարտները և կարողացան հասնել հաջողության: Նախորդ շրջափուլի համեմատ կաղում է նաև թիմային կարգապահությունը, մեր ֆուտբոլիստները շատ են գնում անտեղի խախտումների, ինչի պատճառով ևս 3 առանցքային խաղացողներ բաց կթողնեն հավաքականի հաջորդ հանդիպումը

3.Որո՞նք էին դրական կողմերը Հայաստանի հավաքականի խաղում:

Ա.Գ.Խաղալով այդքան բարձրակարգ պաշտպանների և կիսապաշտպանների դեմ՝ մեր տղաները կարողացան բավականաչափ պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Սա հիմնականում գրոհի ավարտական փուլում հայ ֆուտբոլիստների ցուցաբերած հնարամիտ ու արագ խաղի, ինչպես նաև իտալացիների պաշտպանության և կիսապաշտպանության միջև հաճախակի խզվածության հետևանք էր:Սակայն մեր տղաների մոտ, ինչպես միշտ, կաղում էր գոլային պահերի իրացումը: Այս խաղում հայ ֆուտբոլիստներն աչքի ընկան անհատական մենապայքարներում հաղթող դուրս գալու իրենց ունակությամբ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է նման մրցակցի դեմ խաղերում:

Հ.Կ.Անկախ վերջնական հաշվից, գովելի է, որ մեր ֆուտբոլիստները կարողացան այդքան վտանգավոր պահեր ստեղծել մրցակի դարպասի մոտ: Ընդհանրապես, առաջին խաղակեսի վերջին 15 և երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին մեր հավաքականը նույնիսկ տիրում էր նախաձեռնությանը, և եթե մի փոքր ավելի հաջողակ լիներ մրցակից դարպասի մոտ, կարող էր և առաջ անցնել հաշվի մեջ: Դրական էր նաև այն ցանկությունը, որ երեկ նկատվեց մեր ֆուտբոլիստների մոտ: Դրվագներով Հայաստանի հավաքականի խաղը նմանվում էր անցած շրջափուլում մեր ընտրանու ունեցած խաղին: Որպես համեմատական նորամուծություն, կնշեի նաև բազմաթիվ դրվագներում արհեստական խաղից դուրս վիճակի հմուտ կիրառումը: Բնականաբար, այն կապված է մեծ ռիսկի հետ, սակայն, հաշվի առնելով այն, որ իտալացիները անընդհատ հեռվից գնդակը հասցեագրում էին տուգանայաին հրապարակ, այն հնարավորություն տվեց մի շարք դրվագներում խուսափել տհաճություններից

4.Խաղի վրա ի՞նչ ազդեցություն ունեցան 2 թիմերի մարզիչների կատարած փոփոխությունները

Հ.Կ.Ցավոք, Վարդան Մինասյանի կատարած փոփոխությունները չտվեցին սպասված արդյունքը: Միանշանական հիմնավորված էր Արթուր Եդիգարյանին փոխարինելը, քանի որ վերջինս արդեն մեկ զգուշացում ուներ, իսկ այդպիսի նյարդային խաղի պարագայում մեծ էր երկրորդը ստանալու վտանգը: Սակայն, ցավոք, Մանուչարյանը, երկար ժամանակ չունենալով կանոնավոր խաղային պրակտիկա, չկարողացավ օգտակար լինել հավաքականին: Ճիշտ էր նաև Սարկիսովին Մանոյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերելը, բայց այս անգամ Սարկիսովը ևս չկարողացավ սրել խաղը, իսկ կիսապաշտպանության կենտրոնի թուլացումը նպաստեց իտալացիների՝ էլ ավելի ազատ գործելուն: Ինչ վերաբերում է իտալացիներին, ապա Ջիովինկոյի փոխարեն խաղադաշտ մտած Էլ-Շաարավին այնքան էլ ակտիվ չէր, սակայն այդ փոփոխությունը հնարավորություն տվեց թարմություն մտցնել հարձակման մեջ: Պիռլոյին փոխարինելով Ջիակերինիով՝ Պրանդելին կարողացավ փոխել ինչպես խաղի տեմպը, այնպես էլ դասավորությունը խաղադաշտում: Մոնտոլիվոն նահանջեց ավելի հետ՝ Պիռլոյի դիրքը, Դե Ռոսսին սկսեց խաղալ մի փոքր ավելի առաջ, իսկ Ջիակերինին անսպասելիորեն զբաղեցրեց տրեկվարտիստայի դիքրը: Առաջին հայացքից անսպասելի այդ որոշման շնորհիվ, Ջիակերինին, որ այդ դիրքում խաղալու առանձնակի փորձ չունի, կարողացավ արագություն և անսպասելիության գործոն մտցնել իտալացիների գրոհների մեջ: Ինչ վերաբերում է Կանդրևային, ապա նա չափազանց քիչ ժամանակ անցկացրեց, ուստի դժվար է միանշանակ գնահատական տալ նրա գործողութուններին

Ա.Գ. Իմ կարծիքով ևս Մինասյանի կատարած փոփոխությունները չհասան իրենց նպատակին: Մյուս կողմից, կադարային այսպիսի լուրջ խնդիրների պարագայում դժվար էր գտնել խաղադաշտում եղած ֆուտբոլիստներին համարժեք փոխարինողներ: Դժվար է նաև ենթադրել, թե ինչպես կներգրավվեին խաղի մեջ մեր թիմի համեմատաբար երիտասարդ ֆուտբոլիստները: Իսկ կապված մարտավարության հետ նշեմ, որ Սարկիսովի դուրս գալով մեր հավաքականն անցավ ավելի հարձակվողական՝ 4-4-2-ի, սակայն, ցավոք, մեր թիմի մոտ չստացվեց հարձակման և կիսապաշտպանության միջև կապակցված խաղը, ինչի հետևանքով խաղավերջում մեր թիմն ուղղակի անցավ հախուռն գրոհների:

5.Ովքե՞ր էին հանդիպման առանցքային ֆուտբոլիստները երկու թիմերի կազմում :

Ա.Գ. Իտալացիների կազմում խաղի առանցքային ֆուտբոլիստն իմ կարծիքով Ռիկարդո Մոնտոլիվոն էր: Անշուշտ երբ 4-3-1-2 դասավորությամբ խաղացող թիմը հանդիպում է 4-2-3-1 սխեմայով խաղացող թիմի հետ, տրեկվարտիստայի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստն ապրիորի ավելի շատ ազատություն է ստանում: Ի պատիվ “Միլանի” ֆուտբոլիստի, նա կարողացավ փայլուն օգտագործել այս գործոնը՝ աչքի ընկնելով ինչպես մեծ ծավալի աշխատանքով, այնպես էլ բարձր ՕԳԳ-ով: Մեր տղաներից հատկապես փայլեցին Հենրիխ Մխիթարյանը և Կառլեն Մկրտչյանը, որի վրա կցանկանայի առանձնահատուկ կենտրոնանալ: Կառլենի ներկայությունը և էներգիան հերթական անգամ վճռորոշ էին մեր ընտրանու խաղում ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակվելիս: Պարզապես հիանալի է, թե ինչ բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում Կառլեն Մկրտչյանը հատկապես բարձրակարգ թիմերի դեմ խաղերում:

Հ.Կ.Իրոք, Մոնտոլիվոն վճռական դերակատարում ունեցավ այս խաղում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պիռլոն անընդհատ ենթարկվում էր լուրջ պրեսսինգի: Մոնտոլիվոն, հարձակման ամբողջ լայնությամբ շարժվելով, կարողանում էր ինչպես ազատ տարածություններ ստեղծել խաղընկերների համար, այնպես էլ անձամբ հայտնվել նպաստավոր դիրքերոմ: Հենց նա վաստակեց 11 մետրանոցն իր թիմի համար: Բնականաբառ դժվար է անտեսել Անդրեա Պիռլոյի դերը, որը հստակորեն իրացրեց 11 մետրանոցը, ինչպես նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Իր հաշվին գոլ+գոլային փոխանցում գրանցեց նաև Դե ռոսսին, որը նույնպես հոյակապ խաղ անցկացրեց:

Մեր թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Կառլեն Մկրտչյանը, այն եզակի խաղացողներից մեկը մեր հավաքակակնում, ով ոչ միայն կարողանում է հաջողությամբ խափանել մրցակից գրոհները, այլև վաստակել տուգանայիններ: Կարծում եմ՝ հեռու չի այն օրը, երբ Կառլենին կտեսնենք նաև ավելի բարձրակարգ ակումբում: Ուղղակի ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանն ամենուրեք էր, թե գրոհը սկսելիս, թե հարձակման սուր ծայրին, թե եզրերում՝ խաղընկերներին հարվածի դուրս բերելիս, իսկ նրա խփած գոլը բաձր վարպետության արդյունք էր: Իմ խորին համոզմամբ, չնայած մեր հավաքականի կրած պարտությանը, Մխիթարյանը, ընդհանրապես, հանդիպման լավագույն խաղացողն էր:

Նյութի աղբյուր՝ http://haykfootball.wordpress.com/2012....mic-het
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 281 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: