… «ինձ տանում են կախարան»–ը անցեք։ Ու վերջ։ Էդ միտքը չի կարևորը։ Կարևորն էն է, որ շարունակությունը հաստատ կսազի ինձ՝ հլը լսեք. «Կախարանից պիտ գոռամ՝ կեցցե անկախ Հայաստան», էս մաքուրը ես չե՞մ։ Այսինքն, ոչ թե պիտ գոռամ, այլ 91–ին լա՜վ էլ գոռացել եմ, ու մեկ էլ՝ ոչ թե կախարանից, այլ, 88–ից սկսած՝ օպերայի դեմից։ Գոռացինք ու դարձանք ազատ–անկախ, էդ տեղի անունն էլ դրեցինք Ազատության հրապարակ։ Նվաճումներում իմ դերն էլ է մեծ։ Ուրիշ բան է, որ, բա~յց, տեսնես ինչի՞ց է, որ էն ժամանակ երբ մարդիկ ասում էին՝ գնում ենք օպերայի դեմը, ավելի ազատական ոգի ունեին, քան հիմա, երբ ասում են՝ չգնա՞նք մի հատ Ազատության հրապարակ։ Կարողա՞ էդ անվանումնա թյուրիմացության մեջ գցել ժողովրդին։ Պա՜հո, հո չի՜ հնչում՝ Ազատությա՜ն հրապարակ. մե՞ջն ինչ կա. բոմժերն էլ են ազատ–անկախ ու… սոված…
Հիմա՝ բա մենք սե՞նց երկիր էինք ուզում կառուցել, բա մեր երկրաշարժ, պատերազմ, եղեռն ու արտագաղթ տեսած ազգը սրա՞ն էր արժան։
Ո՞վ մտածի, ո՞վ գտնի էս վիճակից դուրս գալու ելքն ու ճանապարհը։
Ոնց հասկանում եմ՝ էդ է՛լ ա իմ վրա մնում…
Ես Արամն եմ ու էս վիճակի հետ համաձայնվողն ու համակերպվո՛ղը չեմ։ Չե՛մ։ Ինչի՞ց է գալիս իմ էս անհանդուրժողականությունը։ Չգիտեմ, կարողա և օղորմածիկ մեծ պապիս անունը ժառանգելու հետ խասյաթն էլ հե՞տն եմ ժառանգել, կամ՝ հե՛նց էլ Քաջ Արամ Արամյան(Կորկոտյան)–հայրենասերի ոգի՞ն է նստած մեջս։ Կամ հորս ընկեր ու համերկրացու՝ Բիթլիսեցի Վիլյամ Սարոյանի «Իմ անունը Արամ է»-ից: Մտածել է պետք։ Բայց էդ ժառանգականության հարցերը (որ էլի խիստ կարևոր են) եկեք թողնենք՝ հետո կքննարկենք։ Էս պահին հարցն էն է, թե՝ լա՛վ, բա ի՞նչ ենք անելու մեր՝ գնալով աղքատացող ու հայաթափվող երկրի հետ ու ո՞նց ենք վարվելու էս մեր բան չիմացող, ու իմացողներին էլ բանի տեղ չդնող ղեկավար պարոն մինիստրների հետ։
Նժդեհն ասում էր՝ «Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել՝ Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար»։ Բա էլ ո՞րտեղից զորավոր լինի հայրենիքս, եթե արևը մենակ մի խումբ մարդկանց համար է ծագում, մնացածի համար մշտական մայրամուտ է։
Ե՛ս՝ Արամս, օրինակ, երկրի զարգացումը կապում եմ գիտության հետ։ Նապոլեոնն էլ էր իմ էդ մտքին, Օբաման, Պուտինն ու Մեդվեդևն էլ են իմ պես մտածում՝ ի տարբերություն մեր վարչապետի թիմի (որ գիտնականներից ինչքան կարա հեռու է փախչում)։ Ուրիշ կարծիքներ կա՞ն։ Նապոլեոնն, օրինակ, իրան շրջապատել էր գիտնականներով, հատկապես ֆիզիկոսներով ու քիմիկոսներով, պետության համար կարևորագույն հարցերը, եթե որոշում էր մեկնումեկի հետ քննարկել, դա գիտնակա՛նն էր։
«Գիտությունը մարդկային հոգին հերոսացնելու լավագույն ուղին է»,– սա էլ Ջորդանո Բրունոն է ասել։ Կարողաև իմ հերոսական ոգին պարտական է հե՛նց գիտնականների շրջապատում լինելո՞ւս, կարող է Նապոլիոնինն է՞լ հենց դրանից էր… Նստել, մտածել է պետք։
Օրինակ, ամոթ չի՞, բա կարելի՞ է գիտնականներին էս աստիճան «ազատ ու անկախ» թողնել սեփական երկրում, մանավանդ՝ ֆինանսապես։ Գնա ո՜նց ուզում ես, գլուխդ պահի, պետության բյուջեն՝ սահմանափակ։ Բոլորին քիչ թե շատ հերիքում է, գիտնականների համար տակին էլ բան չի մնո՞ւմ։ Բա գիտնական-մարդը տաշտաքերանքը պիտի ուտի՞, թե՞ ազիզ կտորը։ Բա, սիրելի ղեկավար ջան, աշխարհի մասշտաբով վերցրած, բարեկամ-հարևանների մոտ ո՞ր էրեխովն են պարծենում. գերազանցիկ սովորողո՞վ, թե՞ ծույլիկով։ Չհաշված իմ պես բացառությւնները, ո՞ր էրեխան է լավ գործի մտնում ու ընտանիքը նյութապես ապահովում. լավ սովորողը՞, թե՞ ծույլիկը։ Կրկնում եմ՝ ես աշխարհի մասշտաբով եմ միշտ ասում, ոչ թե Հայաստանի, որտեղ հակառակն է։ Հայաստանն իմ պես բացառություն է։ Ուրեմն, ողջ աշխարհի դրվածքով՝ ընտանեկան լուրջ խնդիրներ լուծելիս ո՞րի հետ են խորհրդի նստում. խելացիի՞, թե՞ ոչ–էնքան-ի։ Բա նույնն էլ պետությունը չի՞։
Ասում են՝ ֆրանսիացի հայտնի քիմիկոս ու քաղաքագետ Պիեռ Օժեն Մարսելին Բարթոլոն մեծ խելքի ու իմաստնության տեր մարդ էր (էսօր տղերքը պատմեցին իր մասին. խիստ տպավորված եմ)։ Աում են՝ էն ժամանակ միշտ մարդ-մուրդ էին մեջ գցում, որ էս մարդուց մի խորհուրդ հարցնեն։ Էսօր նրա մտքերը, մեր հայրենիքի պես՝ ազատ ու անկախ, կախած են ինտերնետներում։ Էս մեկն, օրինակ, շատ լավն է՝ «Գիտությունը մարդկության բարերարն է»… Ի՞նչ կասեք։ Ու դեռ մեր բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող ու էլի ոչ պակաս խելքի տեր Նաղաշ Հովնաթանն էլ էդ նույն միտքը հասատել է ի՛ր ձևով՝ «Գիտությունը չարիքի սանձն է…»:
Դե հիմա, թարսի պես, մի բան էլ չկա, որ թասս բարձրացնեի է՛ն բոլոր մարդկանց կենացը, որոնք չարիքը սանձելու և մարդկության բարերար գիտությանը ազատ ճանապարհ տալու, օգնելու ու օժանդակելու խելամտություն են ունեցել, ունեն ու կունենան։
Հիմա ո՞վ ա միանում… գնանք մի տեղ մի-մի մտածենք…