Երբ գալիս էր հոկտեմբեր ամիսը,ես և քույրս սև սուգն էինք մտնում:Ամեն հոկտեմբեր նշանավորվում էր գյուղում կարտոֆիլ հավաքելու ժամանակ քեռուս ընտանիքին օգնելով:90ականներ,անլույս,մութ,խավար…ժամանակի հետքերով երբ հետ եմ գնում, հասկանում եմ, որ, իրականում,այդ մութ ու ցուրտ տարիներն էր մեր իրական երջանկությունը:Թքած,թե մայրս հորս անիծելով իր վերջին ոսկիները չէր վաճառում հաստափոր ,փող փոխող Վրեժին…:Ամեն այսպիսի վաճառքից հետո տանը տխուր ուրախություն էր տիրում:Մենք ,մինչև վերջ չեինք հասկանում,որ ամեն մի ոսկյա զարդի կորստի հետ մայրս անհետ կորցնում էր իր հարսանիքի ժամանակ այդքան փափագած բարեկեցիկ կյանքի վերջին նշույլները:Ես ու քույրս այդ օրերին վայելում էինք այն պահերը,երբ ,,բա ինչ ենք անելու.,, արտահայտությունը մղվում էր հետին պլան,թեև այդ հետին պլանը շուտով էլի առաջ էր մղվելու…Բայց մենք իրոք երջանիկ էինք…այդպես երջանիկ ես չեմ եղել վաղուց ի վեր այն ժամանակից,երբ հասկացա ,որ վերջ,էլ չկան մոմի լույսի տակ մեր անկեղծ զրույցները,երբ ես 11 տարեկանում խաչբառ էի հորինում …գրելով այնպիսի հարցեր,որ ոչ ոք չկարողանա գտնի՝նախապես չարախնդալով չգտնողների վրա:
Կարտոֆիլ հավաքելու ժամանակ մեծ դույլը լցնում էի և դժվարությամբ կտրում գետնից.
-Քեռի,ճկրեցի…
Քեռիս ծիծաղում էր և ասում.
-Րեխեն թենց էլ չկարեցավ ռ ասելը սովորի,մի ճկրի,ցավդ տանեմ,ծանր բան մի բարձրացրա:
Բայց ի՞նչ իմանար քեռին,որ բակից երկրորդ հարկ ,այդպես ճկրելով,փայտ էի տուն տանում,որովհետև մայրիկին օգնել էր պետք…որովհետև հայրս ,մեզ պահելու փոխարեն ,որոշեց ուրիշների պահել:Գոնե գնար Ղարաբաղ,մարտի ժամանակ մի քանի թուրքի ուղարկեր դժոխք ու փառքով զոհվեր,հպարտությամբ կասեի Զոհված ազատամարտիկի դուստր եմ:Անարդարություններ շատ կան,որի՞ դեմ այքարես:
Եվ այսքանի մեջ մենք երջանիկ էինք ու գիտեմ ինչու,որովհետև այ ժամանակ երջանկանալու առիթներ շատ կային…հոսանքը տվեցին,տոն էր…դպրոցում ցրտի պատճառով տուն ուղարկեցին՝տոն էր…քեռին զանգեց՝տոն էր…գնացինք սահելու՝տոն էր,բա բաղչագողը..դա կրկնակի տոն էր…,որովհետև պետք է համոզված լինեինք ,որ մեր հարևան հաստափոր Գագոն և նրա փայտի նման չորուկ կին Մարիետան հաստատ քնած են..Դպրոցում երեք հոգով մի բուլկի էինք ուտում և հրճվում ՝կրկնելով Ավետ ապոր բառերը՝ Փող կա կապրենք,փող չկա Մանթաշովի պես յոլա կգնանք….տոն էր…
Իսկ ինչ մնում է հոկտեմբերին ու կարտոֆիլներին,ապա դա էլ հիշողությունների արկղում իր անփոփոխ տեղը գտավ ՝ բոլոր դժվարություններով և հմայքներով:Հիմա էլ կգնայի այնտեղ ,մի կերպ կբարձրացնեի կարտոֆիլով լիքը դույլը և կասեի.
-Քեռի՛ ջան,ճկրեցի…….