Բարև, սիրելիս: Այսօր սովորական դարձած «բարի լույս»-ներին փոխարինելու է եկել «բարև»-ը: Քեզ ճանապարհել եմ աշխատանքի ու տեղավորվելով անկողնու` քո տաքուկ հատվածում, որոշել եմ քեզ նամակ գրել: Ասելու այնքան բան կա, որ սրտիս և ուղեղիս միահամուռ աշխատանքի արդյունքում պետք է որ վերածվեր մի մեծածավալ վեպի, բայց արդյոք մեր այս կարճ ու անհասկանալի կյանքի թանկարժեք րոպեներն արժեն նրան, որ գրեմ այն, ինչ առանց այդ էլ պարզ է ու զգայելի: Ինձ միշտ թվացել է, թե մեր այս փոքրիկ մոլորակը արտաքուստ պատված է սիրով, այդ պատճառով էլ վայր չի ընկնում տիեզերքում: Հետո հասկացա, որ փոքրիկ սերերն են պահում մոլորակը կործանումից: Շատ հաճախ ասում ես, թե անհասկանալի ու բարդ մարդ եմ, ով չունի կայուն արժեհամակարգ ու հաստատ ցանկություններ: Այո, երբեք ինքս ինձ անգամ չեմ հասկանում, հաճախ կռվում եմ ինձ ու ինձ հետ, թշնամանում ինձերից մեկի հետ, ատում ինձերից մյուսին: Երևի թե պետք է այն ժամանակ ասեի քեզ, որ ինձ հետ բարդ է լինելու: Բայց ես նաև եսասեր էի ու չէի ցանկանում կորցնել քեզ: Դու սիրում ես ինձ, չէ՞: Գիտեմ, որ սիրում ես ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Առավոտյան քնաթաթախ ու կիսաբաց աչքերով, գիշերը` արջուկներով ու նապաստակներով գիշերազգեստով: Դու չես զայրանում, երբ երկու ժամ տքնում եմ խոհանոցում և արդյունքում սեղանին դնում կիսավառված ու կիսաանհամ որևէ ուտեստ: Ես ջանում էի: Եթե որևէ մեկն ինձ ասի, որ ընտանիքում երբևէ վեճեր չեն լինում, չեմ հավատա: Այո, մենք վիճում ենք, գուցե հաճախ, կամ ոչ այդքան, չգիտեմ: Գուցե զայրանալիս ասեմ այնպիսի բաներ, որոնց ծանրությունը չեմ զգում, գուցե վիրավորվեմ ու վիրավորեմ, բայց ես երբեք էլ չեմ ցանկացել կորցնել քեզ կամ հեռանալ: Մենք ընտանիք ենք, թեկուզ դեռ երկուսով: Դու իմ ընտանիքն ես, իմ փոքրիկ սերե աշխարհը մեր այս մեեեեեծ մոլորակում, որ ուր որ է վայր կընկնի: Ես թքած ունեմ մյուս աշխարհների վրա. ես ուզում եմ ամուր պահել մեր ընտանիքը, այն մեր սիրով ու հոգատարությամբ թրծել: Ես ուզում եմ մեծանալ ու ծերանալ քեզ հետ: Թեև հաճախ կատակներ եմ անում, նշում մեր տարիքային մեծ տարբերությունն ու քեզ «ծեր» անվանում, իրականում ես սիրում եմ այն, որ դու ինձնից հասուն ես ու կայուն: Ներիր անկայուն ցանկություններիս համար, գուցե երբ մեծանամ, այդպես չլինի... Իմ տարիքի շատ աղջիկներ արդեն անգիր գիտեն կյանքի լավ ու վատ կողմերը, իսկ ես դեռ տարվում եմ փափուկ խաղալիքներով ու փոքրիկ շնիկներով: Ես ամիսներ շարունակ համոզում եմ քեզ ինձ համար շնիկ գնել, իսկ երբ մեր տանը շնիկ է հայտնվում, ասում եմ, որ փոշմանել եմ ու էլ չեմ ուզում նրան պահել: Հետո երկու ժամ հետո ասում եմ, որ առանց նրա չեմ կարող ու շատ եմ սիրում նրան: Իսկ դու գժվում ես իմ ձեռքն ու չես հասկանում, թե ինչ եմ ես իրականում ուզում: Ես ինքս էլ չգիտեմ, ներիր... Ախ, որքան եմ սիրում քեզ: Քեզ, քո բույրը, ձայնը, աչքերը, ձեռքերը, քո ջերմությունն ու ներկայությունը, քո հոգատարությունն ու ինձ սիրելը: Որքան եմ սիրում, երբ բռնում ես ձեռքս, ամուր սեղմում, երբ գրկում ես ինձ: Սիրում եմ, երբ երեկոյան հոգնած գալիս ենք տուն ու միմյանց գրկած հեռուստացույց նայում կամ էլ զրուցում: Ես, թեև միշտ հակադրվում եմ քեզ, սակայն հիանում եմ մտքերիդ հասունությամբ ու մտքում համաձայնում ամեն ասածիդ հետ: Դու այնքան խելացի տղամարդ ես, դու այնքան իմ ամուսինն ես... Ինձ սիրում ես, չէ՞...
|